Լրահոս

04.05.2012 16:37


Բնապահպան ակտիվիստներ. «Գեղեցիկ չէ, ապամոնտաժե՛ք»

Բնապահպան ակտիվիստներ. «Գեղեցիկ չէ, ապամոնտաժե՛ք»

Ինչպես տեղեկացրել էինք, մայիսի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաշտոցի պուրակ կատարած այցից հետո պուրակի համար պայքարող ակտիվիստները մայիսի 4-ին երթ-ակցիա էին կազմակերպելու դեպի քաղաքապետարան Տարոն Մարգարյանին սիմվոլիկ նվեր մատուցելու համար:

Եվ ահա, մինչ Մաշտոցի պուրակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ ապամոնտաժում էին կրպակներ, 80 օր պայքարած բնապահպան ակտիվիստները երթով շարժվել են քաղաքապետարան՝ քաղաքապետին հանձնելու իրենց նվերը՝ ՀՀ սահմանադրությունը։ 

Ակտիվիստներին վիրավորել է հատկապես այն հանգամանքը, որ 80-օրյա համառ պայքարով իրենք ցանկացել են վերականգնել օրինականությունը, ոչ թե լսել «Սա այդքան էլ գեղեցիկ չէ, … այս պատկերը չի կարող մեր աչքը շոյել» խոսքերը։

Հանձնելով Սահմանադրությունը՝ նրանք առանձնացրել են 104-րդ, 105-րդ հոդվածները։ Դրանցից առաջինում մասնավորապես նշվում է. «Տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը»:

Հոդված 105–ում ասվում է. «Համայնքի սեփականությունը կառավարելու և տնօրինելու, համայնքային նշանակության հարցեր լուծելու և համայնքի պահանջմունքների բավարարմանն ուղղված այլ լիազորությունները համայնքն իրականացնում է որպես սեփական լիազորություններ: Համայնքի սեփական լիազորությունների մի մասն օրենքով կարող է սահմանվել որպես պարտադիր: Պետական իշխանության մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել տեղական ինքնակառավարման մարմիններին»:

Ի դեպ, ակտիվիստները նշել են, որ իրենք Սահմանադրությունը հանձնելու են նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։

Նամակը հանձնելուց հետո ակտիվիստները քաղաքապետարանի շենքի վրա փակցրել են «Գեղեցիկ չէ, ապամոնտաժե՛ք» գրությամբ պաստառ:

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը